Wednesday, December 19, 2018

‹‹Այնտեղ, որտեղ արեւը մայր է մտնում մայրամուտից հետո››


Խոսի՛ր ինձ հետ, արեւի, Սահարայի երկիր: Կարմիրիդ ափերը թող, որ փաթաթվեն ոտքերիս եւ ինձ քո գիրկը տանեն, ձեռք մեկնի՛ր ինձ եւ մի՛ թող խորտակվեմ քո գունազարդ ծովում: Չթողնե՛ս ձանձրույթից խեղդվեմ եւ այդ ունայնության մեջ մոլորվեմ հանկարծ: Կիսանապատ քաղաքիդ մեջ, թույլ տու՛ր թագուհի զգամ  եւ որպես ամենամեծ ստեղծագործող,  ակնթարթներն ու ապրումները հավուր պատշաճի ներկայացնեմ…




            Երբ երազանքներդ մի թռիչքից վերածվում են իրականության եւ դու հայտնվում ես արեւելյան սաֆարիներում` եգիպտական աստվածների մոտ, հիանում կլեոպատրիական գեղեցկությամբ, վազում կարմրագույն ալիքների վրայով եւ միաժամանակ իջնում աննկարագրելի ծովի հատակը:
            Եգիպտական հին քաղաք` ‹‹Եգիպտոսի արքայազնը›› աստվածաշնչյան հեքիաթի հիման վրա, չափազանց երկարավարս Կլեոպատրա, մումիաների եռանկյունի, ինչպես նաեւ ֆութուրայական մեկ դրվագ`հնագույն այլմոլորակայինների տեսքով: Մենք գիտենք եգիպտական այս բոլոր պատմությունները, որոնք մարդկության պատմության մեջ հազարավոր տարիներ եւ մի քանի մշակութային ուղիներ են տարածել: Բայց դրա հետ մեկտեղ, մենք հնարավորություն ունեցանք տեսնել ավելին ‹‹ԱՆՌԻՎԱ›› տուրի եւ Air Cairo-ի հետ միասին:
            Բացեց թեւերը. անցավ մայրցամաքից մայրցամաք եւ կամաց սլացավ ներքեւ, մենք հայտնվեցինք սոհոյական ավազներում:
            Երեւակայելի երազանքներ, կատարելության հասնող ափեր, աջ ու ձախ սփրվող նպատակներ, որոնք ուզում ես կարմիրի հետ ծփան եւ դուրս գան ափ: Կյանքի ամենաներդաշնակ մայրամուտն ու արեւելյան երաժշտությունը կանացի երկար վարսերի նման, քամու տակ այնպե~ս գեղեցիկ էին պարում, ինչպես արեւելյան գեղեցկուհու մարմինն է սկսում գալարվելով հալվել:

                                
            Պլատոնական սիրո յոթ օրեր, որոնք համառությամբ ինձ ստիպում են կրկին հետ վերադառնալ` վայելել  թանկարժեք սերը, եգիպտական պսպղուն արեւը, սահարայի ուժգին քամին, էքստրիմը, 30 աստիճան ջերմությունն ու Ֆարշայի գույնզգույն խալիների վրա բոհեմական թեյ ըմպել` ընկղմվելով անուշաբույր ու թմրեցնող կալյանի ծխի մեջ:
            Եգիպտական փարավոնների, բուրգերի , սփինքսների ու պապիրուսների հողերն էլ  ներկայացնելու կարիք չկա, դրանց մասին բոլորը  գիտեն, իսկ անհավանական պատմությունների եւ անկանխատեսելի իրադարձությունների ու փոքր երազանքների մասին երբեք պետք չէ լռել, քանի որ դու գտնվում ես արքայական երկրում, որտեղ ցանկացածը պատրաստ է կատարել քո նվիրական երազանքը: Փոթորկոտ  շուկաները, դանդաղ հոսող Նիլը, հսկայական անապատն ու ոգեշնչող հնագիտական վայրերը, տեղ են գտել  մեծ եւ պատմական նշանակության պալատների կողքին:
Սա այն երկիրն է, որտեղ ծովն ամենամեծ ստեղծագործողն է, մնում է իրեն հավատարիմ մնալ եւ եթե կարողացար ընկղմվել ծովի չընթերցված էջերում ապա գաղտնի դռների հաջորդականության մեջ կմոլորվես եւ քեզ այլեւս ոչինչ չի մնա, քան պարել եւ հրճվել քո բացահայտումների հետ:
                                      
Թերթում եմ ալիքները, անցնում  յոթ օրերի էջերով  ու պոեմներ են բացվում`  ամեն լուսանկար իր պատմությունով  եւ գեղեցիկ գիշերային ավարտով: Եւ հիմա մտածում եմ,  ժամանակին ուղտի սանձերը ձեռքս առնելով, կյանքին համընթաց ծանոթ-անծանոթ ճամփեքով, սլացել եմ ու տեսել անվերջնալի սահարաներ, մայրամուտներ եւ արքայական տեսարաններ: Ո՜չ ճամփա, ո՜չ ճամփեքին հետ մնացած մարդիկ, ոչ անապատներ  այլեւս չկան: Արդյոք երբեւէ եղե՞լ  են նրանք, թե՞ ինչ որ երազ էր: Սակայն իրականությունն այն է, որ օրեր են անցել, իսկ օրերը հենց անցնելու եւ չվերադառնալու համար են: Միայն թե ապրածդ պետք է ամեն օր նորովի վերապրել , որովհետեւ ժամանակն ավազի պես սորում է բռանդ միջից: Սոհոյական այդ յոթ օրերը կարծես հաշվարկից դուրս են մնացել: Արևածագից ուշ գիշեր ընթանում էր պատերազմն ընդդեմ ժամանակի եւ օրվա ընթացիկության: 
 Սա Եգիպտոսն է`իր հավերժական մուսայով եւ միակ երկիրը, որտեղ ժամանակն իսկապես կանգ է առնում:

                                                                                                 Նաիրա Գրիգորյան
                                                               Լուսանկարները` Կարեն Սերոբյանի

Monday, December 17, 2018

Արեւին պետք է հրավիրել բեդուինական թեյախմության


Մարդիկ երջանկություն են փնտրում, ինչը հաճախ պտտվում է հասարակ իրերի շուրջ եւ մեզ շատ մոտ է գտնվում: Ապրել բնության ներդաշնակությամբ, մի՞թե դա չէ երջանկությունը: Դիմավորել մայրամուտն ու լուսաբացը, մի՞թե դա չէ երջանկությունը`արեւի դուրս գալն ու մայր մտնելը, դա շատ գեղեցիկ է, ավելի ճիշտ` աննկարագրելի գրավիչ է դրանց ազդեցությունը, որը կարող ես զգալ ամեն օր: Կարեւորը ցանկությունն է եւ մի մեծ ճամպրուկ ունենալը, որը կհավաքես եւ առաջին իսկ թռիչքով, 2 ժամ 40 րոպեում կհասնես Եգիպտոսի հեքիաթային քաղաքներից մեկը` Շարմ էլ Շեյխ:
Քեզ իրենց հաճելի ռուսերենով կգան ողջունելու` թուխ մաշկով, բարձրահասակ եւ ուժեղ սրամտությամբ երիտասարդներ, ովքեր քեզ ապահով հյուրանոց կհասցնեն:


Ասեցի հյուրանո՞ց, չմոռանամ ասել, որ հյուրանոցների հարցում պետք է լավ մտածել: Սա այն քաղաքն է, որտեղ նույն անվամբ կարող ես մի քանի հյուրանոց գտնել եւ հինգ աստղը չհամընկնի Ձեր պատկերացումների հետ: Հյուրանոց ընտրելիս առաջարկում եմ պարտադիր օգտվել արհեստավարժ մասնագետներից: Այս պարագայում խորհուրդ կտամ Ձեզ օգտվել «ԱՆՌԻՎԱ» տուրի ծառայություններից, որը Air Cairo-յի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:
Մինչ դուք որոշում էիք Ձեր քվեն, որ թեկնածուին տալ, շատ լրագրողներ գիշեր-ցերեկ լուսաբանում էին ընտրական քարոզարշավը, մենք լրագրողական տուրի շրջանակներում 30 լրագրողներով, բլոգերներով եւ ռադիոհաղորդավարներով մեր ճանաչողական հանգիստն էինք վայելում Շարմում: Այն հեքիաթային յոթ օրերը, որ մեզ էր նվիրել «ԱՆՌԻՎԱ»-ն, ուղղակի աննկարագրելի են:


Եթե դուք պասիվ հանգստի սիրահար եք.
Եթե ձմռան, ցրտի, ձյան եւ վառարանի մոտ թիկնոցով կծկվելու սիրահար չեք, ապա շուտափույթ ձեզ պետք է հասնել օֆիրայական (Շարմ էլ Շեյխ-ի նախկին անվանումը) հանգստի, որտեղ Ձեզ լայն ժպիտով կողջունի 29˚ արեւն ու 27-28˚ տաքությամբ Կարմիրը: Եթե հյուրանոցի ընտրությունը ճիշտ է կատարված, ապա անհոգ եղե՛ք, այստեղ կգտնեք սպա ծառայություններ, մեծ լողավազաններ, համեղ եւ առողջարար սնունդ, շուկա, մարզասրահ եւ գիշերային ժամանցի վայրեր:


Էքստրիմի սիրահարները երբե՛ք չեն ձանձրանա Շարմում:
Աննկարագրելի էմոցիաներ, ակտիվ հանգիստ եւ խելահեղ վարկյաններ եք ուզու՞մ, ուրեմն անպայման պետք է գնալ Սինայի անապատ: Կվադրոցիկլներով սաֆարի տուրը Ձեզ կտանի Սինայի անապատում ապրող բեդուինների մոտ, ովքեր մի բաժակ կախարդական կարկադեյի թեյով կփորձեն Ձեզ վաճառել պեպսի կամ ջուր: Որքան էլ խելահեղությունների սիրահար լինեք, չմոռանաք Ձեզ հետ ակնոց եւ գլխաշոր վերցնել, այլապես վերջում կնմանվեք սպիտակ այլմոլորակայինի:

Բեդուիներին անդրադառնալով՝ չեմ կարող չխոսել ամուսնություններից, որոնք հետաքրքրիր ծիսակարգ ունեն: Ռոման`մեր ուղեկցորդը, պատմում էր, որ այստեղ կնոջը տեսնում են միայն ամուսնության օրը: Ընտանիքի անդամներն են ընտրում կին եւ ամուսին: Աղջկան ուղտերի հետ փոխանակելու ավանդույթը գործում է դեռ բեդուինների մոտ: Տղամարդիկ վեց ամիս աշխատում են, ոսկի հավաքում եւ հետո նոր ամուսնանում: Ասում են՝ որքան գեղեցիկ է կինը, այդքան շատ ոսկի եւ ուղտ պետք է տալ: Հարսանիքը բեդուինների մոտ երեք օր է տեւում, ինչպես նախկինում հին հայկական հարսանիքներն էին: Հիմա էլ հայկական որոշ գյուղերում պահպանում են այդ ավանդույթը: Եգիպտացի կանանց հնարավոր չէ տեսնել աշխատելիս, այստեղ աշխատում են ուկրաինացի, ռուս եւ նույնիսկ հայ կանայք: Ծովինարը` ամենահայտնի պորտապարուհին, ազգությամբ հայ է, նրա մասին խոսում են ամբողջ էմիրությունում: Ամենաթանկ վարձատրվող եւ ճանաչված պորտապարուհին է: Կանայք էլ «1000 ու մի գիշեր»-ում կարող են հետեւել կիսաշրջազգեստով տղամարդկանց «Տանուրա» հին արաբական պարային ելույթներին եւ զարմանալ նրանց էլաստիկությամբ: Գնալ արեւելք եւ չզբոսնել ուղտով, կարծում եմ՝ մեծ մեղք գործած կլինեք: Եւ այն առասպելները, որոնք շրջանառվում են, որ Եգիպտոսում վտանգավոր է եւ քեզ կարող են ուղտով գողանալ, ուղղակի սարսափի ժանրից են: Շարմում անվտանգության հսկայական համակարգ է աշխատում ե՛ւ հյուրանոցների մոտ ե՛ւ ճանապարհներին:


Մի շտապե՛ք, դուք դեռ շատ անելիքներ ունեք այստեղ:
Կռուիզով նավարկությու՞ն, ծովային արեւայրու՞ք, վստահ եմ՝ սա Ձեզ չի հետաքրքրի, բայց այստեղ կա դայվինգը, որը հնարավորություն կտա Ձեզ իջնել Կարմիր ծովի հատակը եւ բացահայտել ծովային այլ աշխարհ եւ կրկնապատկել էքստրիմը: Թե ինձ նման գի՞ժ եք, նաեւ կպարեք ծովի հատակում ձկների, կորալների հետ`մտքում պատկերացնելով Սթիվ Մորգանի`Մեջիք թրեվլը եւ ջրահարս զգալով, ազատ կլողաք թափանցիկ ափերում: Առավոտյան լուսաբացին կարող եք չձանձրանալ եւ օգտվել օդապարիկով թռնելու հնարավորությունից եւ վերեւից հիանալու մոգական ծովի գեղեցկությամբ: Իսկ երեկոյան կախարդական հրաշքների գիրկը նետվելու համար, երբեք բաց չթողնեք Նաամա բեյն ու այնտեղ գտնվող էնիգմայական պարային ակումբները (Pacha, Buddha bar):
Մշակույթի, ճարտարապետության եւ շոփինգի սիրահարներն այստեղ անզբաղ չեն մնա:
Սոհոյի գեղեցիկ փողոցները Ձեզ կտանեն կալյանի, յուղերի անուշաբույր հոտերի մոտ: Վաճառողների` յուղերի մասին պատմող առասպելներին, պետք է հավատալ այն ժամանակ, երբ նրանք կպատմեն կոկոսի եւ ժորժոպայի յուղերի մասին`դրանք աննկարագրելի հոտ եւ օգտակարություն ունեն: Արդեն շատ լավ ճանաչելով եգիպտացիներին, խորհուրդ ենք տալիս Ձեր բոլոր գնումները կատարել «Հին շուկա»-յից: Բացի այն, որ դուք այստեղ կկարողանաք մատչելի գնումներ կատարել, այլեւ կկարողանաք նվերներով, հյուրասիրություններ վայելելով զբոսնել: Սա այն վայրն է, որտեղ մեկ սալամը, ապրանքը ամենաքիչը հինգ դոլար սակարկելի կդարձնի եւ դուք ինքնագոհ գնումներ կկատարեք: Արեւելյան գեղեցկությունը կրկնապատկվում է, երբ այցելում եք Ալ-Սահաբա, Մուստաֆա մզկիթներ եւ Ղպտի ուղղափառ եկեղեցի: Այստեղ կարեւոր չէ իմանալ, թե ով ինչ կրոնի է դավանում: Միայն շատ քրիստոնյաներ իրենց դաստակներին խաչեր են դաջում եւ դրանից պարզ է դառնում, որ նրանք քրիստոնյաներ են: Ալ-Սահաբա գնալիս պատրաստ եղեք կրել համապատասխան հագուստ եւ եկեղեցի մտնել ոտաբոբիկ:

Իսկ գեղեցիկ լուսանկարներ ունենալու, փոքր Սանտորինին, գունազարդ գորգեր տեսնելու, անուշաբույր կալյան եւ ավազե սուրճ վայելելու համար անպայման այցելեք Ֆարշա:

Շարմը ուղղակի քաղաք չէ. հետաքրքիր արտաքին ունեցող, արքայական մոգության, կիզիչ արեւի, պսպղուն ու թափանցիկ ափերի, գույն եւ ջերմություն հաղորդող, հոգու ու մարմնի ներդաշնակության միջավայր է: Եվ պատահական չէ, որ հին եգիպտացիները մարդու մահից հետո միակ օրգանը, որ թողնում էին մարմնի մեջ, դա`սիրտն էր, քանի որ համարում էին, որ այնտեղ է գտնվում մարդու հոգին:
Ականատեսի աչքերով` Նաիրա Գրիգորյան
Լուսանկարները՝ հեղինակի եւ Կարեն Սերոբյանի
«Ասպարեզ» շաբաթաթերթ

Thursday, December 13, 2018

Մոգական ճանապարհորդության ակնթարթները:


Նոյեմբերի 27-ից դեկտ. 4-ը, ‹ ԱՆՌԻՎԱ ›› տուրի եւ Air Cairo-ի կազմակերպած ճանաչողական տուրի շրջանակներում  շուրջ 30 լրագրողներ, բլոգերներ եւ ռադիոհաղորդավարներ մեկնել էին Եգիպտոս: Մինչ նյութերը կհասցնեն լույս տեսնել մամուլում եւ դուք կընթերցեք ամենազիլ տպավորությունների եւ մոգական վայելքների մասին, ես լրագրողական բլոգում կիսվեմ լուսանկարներով:

Նավարկություն դեպի Կարմիր ծովի թափանցիկ ափեր:


Երբ երկու անգամ սուզվում ես 5-8 մետր խորությամբ Կարմիր հատակը եւ միախառնվում ծովային կենդանիներին:Ռոմանտիկան այստեղ ավարտվում է ծովի ալիքների տակ` գեղեցիկ տանգոյով:

Ի՞նչ արեւելք առանց սաֆարի տուրի եւ ուղտերով զբոսանքի:Մենք բեդուինների հյուրն էինք:



Վերապրելով գույները, անուշահամ կալյանն ու ավազե սուրճը.
 Ֆարշայի գեղեցկությունը:


Դե' ամուսնության, հաճելի անակնկալների ու տուրերի մասին չի կարելի մոռանալ:



                                                                      
                                                                                       Հատուկ շնորհակալություն`‹ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ››-ին
                                                                                                          եւ Air Cairo-ին 
                                                Լուսանկարները` Կարեն Սերոբյանի






Sunday, November 15, 2015

Հնագույն մշակութային օջախը մեկուկեսդարյա պատմություն ունի

  Հայ բազմադարյան թատրոնի պատմության, լուսավոր էջերից է թատրոնի տարեգրությունը:Իր գոյության ընթացքում Գյումրու դրամատիկականը հավաքել է հարուստ նյութեր, հնարավորություններ տվել ռեժիսորական և դերասանական մի շարք անհատականությունների գնալու դեպի ինքնահաստատում և ստեղծագործական հասունացում: Թատերական կյանքը չէր կարող շրջանցել այնպիսի գավառական կենտրոններ, ինչպիսիք էին Ախալցխան, Կարինը, Կարսը, Շուշին: Այս քաղաքների շարքում իր տեղն էր զբաղեցնում նաև Ալեքսանդրապոլը`Գյումրին, որն հատկապես 11-րդ դարի երկրորդ կեսին ձեռք է բերել կարևոր նշանակություն:



Մշակութային ուրույն հաստատումների կողքին Ալեքսանդրապոլում իր գոյությունն է հաստատել նաև թատերական կյանքը` առաջին ներկայացումների տարեթիվ հռչակելով 1865թ.-ը: Առաջին ներկայացումները թատրոնի ձևավորման սկիզբն ավետեցին և այդ օրվանից ի վեր թատրոնն այստեղ ձևավորել է հարուստ ավանդույթներ, իր հենքի վրա կազմավորել պրոֆեսիոնալ թատրոն, որն էլ 1928թ,-ից պետականացվել և դարձել է սկզբում ՀԽՍՀ Երկրորդ, ապա` Լենինականի Ասք. Մռավյանի անվան, իսկ այժմ էլ` Գյումրու Վարդան Աճամյանի անվան պետական դրամատիկական թատրոնը:




<<Նամուս>> բեմադրություն
Հարուստ պատմություն ունի Գյումրու թատրոնը, որը մշտապես  եղել է հայ թատրոնի և մշակույթի պատմությամբ զբաղվողների ուշադրության կենտրոնում:
1928-ին դառնալով պետական, այն իր դերասանախմբի ձևավորումն իրականացրել է Մոսկվայի հայկական մշակույթի տան դերասանական ստուդիայի շրջանավարտներով, երիտասարդ արվեստագետներով: Թատրոնը բացվել է Դ. Ֆուրմանովի <<Խռովություն>> պիեսի բեմադրությամբ: 1930թ,-ի տարեվերջին թատրոնը մասնակցել է արվեստների օլիմպիադային` Երևանի Պետական թատրոնում ներկայացնելով <<Մարոկկո>> և<<Լեռը>> պիեսների բեմադրությունները:




1932թնշանավորվում է մի շարք իրադարձություններով, թատրոնին շնորհվում է Խորհրդային Հայաստանի կուսակցական-պետական գործիչ Ասքանազ Մռավյանի անունը: 1972 թվականին պրոֆեսոր Սամվել Սաֆարյանի նախագծով  սեպտեմբերի 29-ը առմիշտ մտնում է թատրոնի, քաղաքի և հանրապետության պատմության մեջ, շահագործվում է թատրոնի նոր շենքը:
  Տարիներ հետո 2004թ.-ի օգոստոսի 10-ին, թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվում Նիկոլայ Ծատուրյանը: Նրա հետ թատրոնը նոր շունչ է առնում:Մեծ դերասանական կազմ և նոր բեմադրությունների ազդարարում: Գյումրու թատրոնը յուրահատուկ փորձարան է հանդիսացել շատերի համար,մշակել որոշակի սկզբունքներ, ձևավորել ակտիվ թատերական կյանք, ինչի շնորհիվ մի շարք սկսնակ դերասաններ այսօր մեծություն են դարձել հենց այդ բեմում:
Թատրոնի գերծունեությունը շարունակվում է և 150- ամյա ճանապարհ անցնում: Քաղաքի զարկերակը այս տարի տոնում է իր 150-րդ ամյակը:
 -Թատրոնի տոնը համաքաղաքային  տոնախմբության վերածելու համար միայն նոյեմբեր ամիսը քիչ էր, դրա համար որոշեցինք մի ամբողջ թատերաշրջան նվիրել 150-րդ ամյակին: Մենք պարտավորվում ենք ստեղծագործական ողջ ներուժը կենտրոնացնել տոնական միջոցառումներին և պատշաճ կազմակերպել 150 ամյա այս թատրոնի արժանի կրողները համարվելու համար,- նշում է գլխավոր գեղարվեստական ռեժիսոր  Լյուդվիգ Հարությունյանը:
  
 Բազմաթիվ նախագծերից առանձնակի ուշադրության է արժանացել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնների <<Գամարջոբա մամա>> ներկայացումը: Մեծ աղմուկ հանած այս և մնացած ներկայացումներով դերասանները հանդես կգան հյուրախաղերով:
 -Ցանկացանք 150-րդ ամյակը  բացել ավելի թեթև, կատակերգական ժանրով, որը իրենից ոչ կոմերցիոն  բնույթ էր կրում: Թե ինչու” <<Գամարջոբա մամա>>, այլ ոչ <<Բարև մամա>>` սա ուղղակի բառախաղ է, ներկայացումը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար: Գյումրու դրամատիկականի համար համագործակցությունը Հայաստանում և երկրից դուրս մշակութային կոլեկտիվների հետ ոչ միայն նորություն չէ, այլ ձևավորված աշխատանքային սկզբունք,- նշեց ռեժիսորը:




Թատրոնի երախտավորներին նվիրված հոբելյանական երեկոներ,Մ. Մկրտչյանի անվան փոքր բեմի բացում, բեմադրություններ, հյուրախաղեր, թատրոնի անցած ճանապարհի մասին պատմող գրքի տպագրում, ֆիլմի նկարահանում, <<Թատրոնը ժամանակի ափի մեջ>> խորագրով լուսանկարների և ներկայացումների ցուցահանդես. աճեմյանական թատրոնի շունչ,որը ծրագրվում է 150-րդ ամյակի շրջանակներում:

  Մեկուկեսդարյա թատրոնը բացի դերասանական և ռեժիսորական արվեստներում ունեցած ահռելի ներդրումների, նաև նախանձախնդիր եղավ ազգային թատերգության բեմադրությունների և ազգային վիպական գրականության բեմավորումների հարցում` արձագանքելով խոշոր ձեռքբերումներ, մշակելով սեփական ծրագիրն ու մոտեցումները: