Wednesday, January 9, 2013

Նոր Տարի


Նոր տարին ամեն ինչի սկիզբն է: Այդ օրը թողնում ենք ամեն մի վատ բան հետեւում եւ ամեն ինչ սկսում նոր էջից: Բոլորն էլ դա յուրովի են անում: Մեկը բաղնիք է գնում, մյուսը գուլպաներն է փոխում, մեկը առաջին անգամ շրջազգեստ է հագնում, իսկ մյուսն էլ հին իրերը պարզապես պատուհանից դուրս է շպրտում: Իսկ ի վերջո մենք բոլորս ի՞նչ ենք ցանկանում Նոր տարուն: Լսենք՝ «Սիրելի՝ Ձմեռ պապ, ես այնքա՛ն շատ եմ աշխատանք ուզում. չեմ ուզում կախված լինել ինչ-որ մեկից: Միգուցե դո՞ւ կարողանաս աշխատանք գտնել ինձ համար»: «Բարեւ, Սանտա, գիտես, ես շատ եմ մտածել ու որոշել. ուզում եմ հայտնվի «Փոքրիկ իշխանը», եւ որ մարդիկ գոնե մի փոքր նմանվեն նրան: Կարծում եմ՝ այդժամ այս խրթին աշխարհում ինչ-որ բան դեպի լավը կփոխվի: Մտածի՜ր խնդրանքիս մասին: Կարծում եմ՝ կհամաձայնես ինձ հետ, իսկ թե ոչ, ես ոչինչ չեմ ուզում»: «Չգիտեմ՝ դու գոյություն ունես, թե ոչ, բայց տու՜ր ինձ հավատ, հավատ առ ինձ, քո հրաշքների: Գիտես, նայում եմ պատուհանից եւ մտածում, թե ինչքա՛ն գորշ է ամենը, ինչքա՛ն սեւ ու սպիտակ: Իսկ դու կարո՞ղ ես գունազարդել, դարձնել երփներանգ»: «Սանտա՜, անունս Բախաթի է (աֆրիկյան անուն է, նշանակում է հաջողակ): Եթե բախտս բերի, կուզեի ձյուն տեսնել, խաղալ, փաթիլներ կուլ տալ»: «Գիտես, Ձմե՜ռ պապ, անցյալ տարի ես քնով անցա եւ չկարողացա ողջունել քեզ: Այս տարի մի քիչ երկա՜ր մնա: Ախր կարող ես, չէ՞»: «Բարեւ, Սանտա՜: Ես կուզեի իմանալ, թե ինչպես են մեր ցանկությունները քեզ հասնում: Դու, ինչ է, հետեւո՞ւմ ես մեզ: Ինչո՞ւ դու ինձ միշտ նվիրում ես այն, ինչ ծնողներիցս եմ խնդրում»: «Սանտա՜, այս տարի կուզեի ինքնուրույն լողալ սովորել, առանց մայրիկի օգնության»: «Ձմե՜ռ պապ, այս Նոր տարուն ես առաջին անգամ կհամբուրվեմ: Խնդրում եմ, այնպես արա, որ ես խայտառակ չլինեմ»: Յուրաքանչյուրը գրում է իր ցանկությունների մասին՝ հավատալով հրաշքների: Իսկ ո՞րն է հրաշքը: Իսկ երբեւէ չե՞ք մտածել, որ այդ հրաշքը հենց Ձմեռ պապն է: Ավելի լավ է խնդրեք, որ Ձմեռ պապը միշտ լինի: Եվ ես կուզեի ավելացնել. «Սիրելի՜ Ձմեռ պապ, կատարի՜ր խնդրանքս, հայտնվի՜ր»:

No comments:

Post a Comment