Wednesday, November 6, 2013

Անվճար բարեգործական ճաշարանում մարդկային ճակատագիր է որոշվում

Երևանի տարբեր վարչական շրջաններում գործում են անվճար բարեգործական ճաշարաններ, որոնք օրական մեկ անգամ սնունդ են մատակարարում թոշակառուներին, հաշմանդամություն ունեցող մարդկանց, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների ներկայացուցիչներին:

Մեկ անգամյա սնունդն իր մեջ ներառում է երկու ուտեստ (մեկը տաք), հաց, հյութ կամ թեյ: Ճաշարանները բաց են շաբաթական 5 օր: Շաբաթ և կիրակի օրերին մարդիկ ինքնուրույն պետք է հոգան  իրենց ճաշի հարցը:
Թվում է, թե պետությունը հոգում է այս խավի  մարդկանց կարիքները գոնե մասամբ՝ նրանց օրական մեկ անգամյա սննդով ապահովելով, սակայն այս  բարիքից  տվյալ խավի ոչ բոլոր ներկայացուցիչներն  են կարողանում օգտվել:

Բանն այնն է, որ այսպիսի բարեգործական ճաշարաններ կան Երևանի ոչ բոլոր վարչական շրջաններում…  մի վարչական շրջանը կարող է ունենալ  մի քանի այսպիսի ճաշրան, իսկ մեկ այլ  վարչական շրջանում ՝  նման հաստատություն առհասարակ չկա:
Այս տեղեկությունն, ըստ էության,  հաստատեց նաև Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Գևորգյանը: 

Նա ընդգծեց, որ ճաշարանների մի մասն է ֆինանսավորվում տվյալ վարչական շրջանի  թաղապետարանի կողմից, մնացածը՝ բարեգործական  կազմակերպությունների աջակցությամբ են գործունեություն ծավալում:
Երևանի բարեգործական ճաշարանները, բացի թաղապետարաններից ֆինանսավորում են երկու բարեգործական կազմակերպություններ՝ <<Առաքելություն Հայաստան>> և ՀՕՖ-ը` (Հայ օգնության ֆոնդ) :
Այսպիսով , օրինակ Նոր Նորք վարչական շրջանում գործում է 6 բարեգործական ճաշարան, դրանցից 5-ը պատկանում են բարեգործական կազմակերպություններին՝ (4-ը <<Առաքելություն Հայաստան>>, Մեկը՝ ՀՕՖ-ին), իսկ մեկը ֆինանսավորվում է վարչական շրջանի թաղապետարանի կողմից:  Քանաքեռ-Զեյթունում կա երեք նմանատիպ ճաշարան:

Մինչդեռ Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Էրեբունի  վարչական շրջաններում այդօրինակ ճաշարաններ առհասարակ չկան. ասել է, թե այս թաղամասերում ծերեր, հաշմանդամներ կամ թոշակառուներ չեն բնակվում կամ էլ բոլորը սոցիալապես այնքան ապահով են, որ դրա կարիքը չկա էլ:
Ավան վարչական շրջանի միակ բարեգործական ճաշարանը ֆինասավորվում է «Առաքելություն» բարեգործական հիմնադրամի կողմից: Այստեղ օրական այցելում է մոտ 200 մարդ:

Մալաթիա վարչական շրջանում գործում է երկու բարեգործական ճաշարան, որոնցից մեկը ֆինանսավորում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մյուսը՝ թաղապետարանը: Մենք պարզեցինք, որ այս երկու ճաշարաններից միասին օգտվում է մոտ 250 հոգի: Ի դեպ սա Երևանի միակ ճաշարանն է, որը ֆինանսավորում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Նշենք, որ թեպետ <<Առաքելություն>> բարեգործական ընկերությունը  ֆինանսավորում է  մի շարք վարչական շրջանների բարեգործական ճաշարանները, կազմակերպությունն ունի լուրջ ֆինանսական խնդիրներ: Ամռանը նրանք մտահոգվում էին, որ ճաշարաններն առասարակ կարող են փակվել՝ ֆինանսական սուղ ռեսուրսների պատճառով, հիմա կարծես խնդիրը փոքր ինչ լուծվել է, սակայն  ոչ ամոբղջությամբ: Մեզ հետ զրուցում կազմակերպության աշխատակցուհի Նուրիկ Դաղունցն ասաց, որ  իրենց կազմակերպությունը գործում է հիմա այնպես, ինչպես և նախկինում: Ֆինանսավորման աղբյուրների մասին այլ տեղեկություն հաղորդել չցանկացավ: Նա նաև նշեց, որ իրենց ֆինանսավորման տակ գտնվոց բոլոր ճաշարաններից միասին օգտվում է 800-ից ավել մարդ:

Հարկ է նաև ընգծել, որ բացի այն, որ անվճար բարեգործական ճաշարաններ  կան ոչ բոլոր վարչական շրջաններում, կա մեկ այլ՝ շատ կարևոր  խնդիր ևս:
Արդեն նշել ենք, որ այս ճաշարաններից օգտվում են հիմնականում մեծահասարակները, հաշմանդամություն ուենցող մարդիկ, և միայնակ թոշակառուները: Նրանցից ոչ բոլորին է հարմար ամեն օր երթուղաին տրանսպորտով հասնել ճաշարան՝ նախ 200 դրամը թոշակառուի համար մեծ գումար է և երկրորդ՝ շատերի առողջականը չի ներում:

Օրինակ՝ Աջափնյակ վարչական շրջանում  գործում է բարեգործական ճաշարան, որը գտնվում է 15-րդ թաղամասում: Դե պատկերարցեք որքան դժվար է Լինինգրադյան փողոցի բնակչին հասնել ամեն օր 15-րդ թաղամաս՝ մեկ աման հաց ուտելու համար: Դե իսկ ձմռանը այնտեղ գնալը պարզապես անիմաստ է նույնիսկ, մանավանդ եթե առողջական խնդիրներ ունես:

Այս ճաշարան ամեն օր այցելող Արթուր պապը մեզ պատմեց, որ մեծ դժվարությամբ է գնում, քանի որ աչքերի հետ կապված խնդիր ունի և դժվարությամբ է տարբերում երթուղայինի համարները.<< Ստիպված եմ լինում կանգառում ժամերով կանգնել կամ ինչ որ մեկին խնդրել, որ նայեն իմ համարը: Ընդհանուր գոհ եմ շատ, լավ մթնոլորտ է , նույնսիկ այս տարիքում շատ նոր ընկերներ և ինչու չէ նաև ընկերուհիներ եմ ձեռք բերել>>:
Նա նաև պատմեց, որ միայնակ թոշակառու է , ապրում է թոշակով՝ 44.000 դրամ, որն իրեն այնքան էլ չի բավականացնում: Բացի այդ էլ հավանում է ճաշարանում պատրաստվող ուտելիքը.<< Շատ համեղ է ամեն ինչից  շատ գոհ եմ, ուղակի տեղն ինձ համար շատ հեռու է , կուզենայի այստեղ մոտ լիներ, որ ոտքով գնայի գաի, էլ գումար չծախսեի դրա վրա:
Ստացվում է մեկ աման ապուր ուտելն էլի  գումար է արժենում՝  ամենաքիչը 200 դրամ: Ասում եմ ամենքիչը, որովհետև պատահում է՝ ետ վերադառնալիս ինձ հետ ճաշարանի կանացից են հետ գալիս և նրանց  փոխարեն ես  եմ վճարում>>:

 Արթուր պապի այցելած ճաշարանը օրական այցելում է 112 մարդ, այն ֆինանսավորվում է Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանի կողմից: Ճաշարանի պատասխանատու տիկին Ժասմինը մեզ ասաց, որ   մարդիկ հաճույքով են  գնում ճաշարան՝ հաց ուտում, ապա միմյանց հետ զրուցում, երիտասարդկան կյանքի ջերմ հուշերն իրար պատմում: Նա նաև պատմեց, որ մոտ մեկ տարի առաջ երկու միայնակ թոշակառու այստեղ ծանոթացել, ապա որոշել են կյանքի մնացած տարիներն իրար հետ անցկացնել.<< Այսպիսի հետաքրքիր պատմություններ շատ են լինում, մենք էլ ուրախանում ենք: Բայց երբեմն այստեղ տհաճ միջադեպեր էլ են լինում, դե մարդիկ արդեն տարիքներն անց են , երբեմն անհարկի խոսակցություննր են հնչեցնում , միմյանց հետ վիճաբանում: Ես աշխատում եմ ամեն օր այստեղ լինել, որպեսզի վերահսկեմ: Մոտ մեկ շաբաթ առաջ էր օրինակ մեր այցելուներից Ռազմիկ անունով մի պապիկ կար, կռիվ էր անում, որ իր հարևանի համար էլ ճաշ լցնենք տանի, բայց մեզ մոտ նման բան չկա: Պատրաստում են այստեղ և  գալիս ուտում են այստեղ>>:

Մենք տեղեկացանք նաև, որ այս ճաշարանը բացի  ուտելիքից՝ գրանցված  , ճաշարան այցելուների համար  տաք եղանակներին պարբերաբար էքսկուրսիաներ է կազմակերպում:
Մեզ հետ զրույցում Անդրանիկ պապը պատմեց, որ ամռանը երկու անգամ Սևան են գնացել՝  ճանապարհածախսի և ուտելիքի համար ոչ մի կոպեկ չվճարելով:
Բացի այդ եղել են Արզնիում, Աղվերանում, վերջերս էլ՝ Աբովյանի նորակառույց Սուրբ  Հովհաննես եկեղեցի են միասին այցելել:
5-րդ Մասիվում ՀՕՖ-ի հովանավորությամբ  գործող անվճար բարեգործական ճաշարան  ամեն օր այցելում է միայնակ թոշակառու  Էմմա տատիկը: Տիկին Էմման թեպետ արդեն 76 տարեկան է, բայց լի է  կյանքով և էներգիայով: Նա բացի ճաշարան այցելելուց ամեն օր գնում է   մեծահասակների համար նախատեսված պարի և երգի խմբակների: Ճաշարանից գոհ է, ասում է, որ պատրաստելու  հետ երբևէ սեր չի ունեցել, ամուսինը խոհարար է եղել և տան ճաշը միշտ նա է պատրաստել.<<Մատերի վրա կարող եմ հաշվել, թե ամուսնանալուց հետո քանի անգամ եմ ճաշ պատրաստել, միշտ ամուսինս է եփել…. Հիմա նա չկա, աղջիկս էլ ոչ այնքան հաջող ամուսնացել է, ինձ օգնել չի կարողանում, այդ իսկ պատճառով էլ այցելում եմ ճաշարան:

Մի փոքր առողջական խնդիրներ էլ ունեմ ՝ ամեն բան չեմ մարսում,  հատուկ խնդրել եմ, որ կծու և թթու չպատրաստեն: Պատկերացրեք ինձ ընթառաջել են>>,-պատմեց նա:
Զրուցեցինք նար ՀՕՖ-ի ճաշարանների գծով պատասխանատու Գևորգի հետ:  Վերջինս նշեց, որ իրենք ունեն անվճար բարեգործական 5 ճաշարան , որտեղ միասին այցելում է 624 մարդ: Նա նշեց, որ սնունդ տրամադրում են օրական մեկ անգամ՝ երկուշաբթիից շաբաթ օրերին: Այսինքն՝ ի տարբերություն մյուս ճաշարանների՝ քաղաքացիները այս բարեգործական ճաշարաններից կարողանում են օգտվել շաբաթը վեց օր:

Բացի լիովին անվճար բարեգործական ճաշարաններից  Երևանում կա նաև թվով 8 կիսաանվճար ճաշարաններ: Կիսաանվճար ճաշարանը համեմատաբար էժան հաց ուտելու վայրերն են, որտեղ էլի այցելում են հիմնականում մեծահասակներ, միայնակ թոշակառուներ: Այս ճաշարանները բաց են շաբաթվա բոլոր օրերին:  Մեկ աման հավով ապուրն, օրինակ, 15-րդ թաղամասում գտնվող  ճաշարանում արժե 400 դրամ:

Մեզ հաջողվեց պարզել, որ  Աջափնյակի անվճար բարեգործական ճաշարանից օգտվողներից մի մասը շաբաթ և կիրակի օրերին այցելում է այստեղ:

Մեկ այսպիսի ճաշարան կա Երրորդ մասում, մեկը՝ Էրեբունիում, Ավանում, Մալաթիայում, Դավթաշենում, 7-րդ Մասիվում և մեկն էլ՝ Նոր Նորքում:

No comments:

Post a Comment