Wednesday, November 6, 2013

“Youtube”-ի արտիստները կամ համացանցը` հայտնի դառնալու միջոց

Ջասթին Բիբեր` կանադացի փոփ երգիչ, դերասան, երգերի հեղինակ: 2010 և 2012 թ -երին արժանացել է “Ամերիկայի լավագույն երգիչ” կոչմանը: Այսօր Բիբերը համարվում է ԱՄՆ-ի ամենաշատ վարձատրվող երգիչներից մեկը` վերջին մեկ տարում վաստակելով 55 միլիոն դոլար: 2013 թ-ի տվյալներով նա  համարվում է “Twitter”-ում ամենաշատ հետևորդներ ունեցող արտիստը (ունի 46. 469 .519 հետևորդ):

Մեր օրերի աշխարհի ամենաճանաչված երգիչներից մեկը, միգուցե,  անհայտ մնար իր բազմահազարանոց երկրպագուների համար, եթե 2008 թ-ի փետրվարին “Youtube”-ում չներբեռներ Քրիս Բրաունի “With you” երգի քավեր (cover) տարբերակը: Տեսանյութն այս պահի դրությամբ ունի 45 336 612 դիտում: Այս հոլովակին հաջորդեցին նաև այլ սիրողական տեսանյութեր, որոնց շնորհիվ 14-ամյա պատանուն նկատեց ամերիկացի հայտնի մենեջեր և գործարար Սքութեր Բրաունը, ով հետագայում դարձավ Բիբերի մենեջերը: Շուտով պատանին սկսեց համագործակցել հանրաճանաչ երգիչ Usher-ի հետ: Հենց այդ պահից սկսած էլ Բիբերի առջև բացվեցին հաջողության բոլոր դռները:

               Սոցիալական ցանցի օգտատերերի մի մասը տեսանյութեր է ներբեռնում պարզապես զվարճանալու համար, մյուս օգտատերերն էլ տեսանյութերը դնում են իրենց տաղանդը ցույց տալու և, միգուցե, Բիբերի հաջողությանը հասնելու նպատակով:  


Որպես օրինակ կարելի է նշել 21-ամյա ամերիկուհի Սառա Նիմիցին, որը “Youtube”-ում բավականին ճանաչված է իր հզոր ձայնի և հայտնի երգիչների երգերի քավեր տարբերակների շնորհիվ: Մասնագիտությամբ դերասանուհի  Սառան “Youtube”-ում իր առաջին տեսանյութը ներբեռնել է 2008 թ-ին: Այսօր աղջիկն ունի 89 827 հետևորդ և 69  տեսանյութ, որոնցից ամենադիտվածը Ադելի “Rolling in the Deep” երգի քավեր կատարումն է: Այն ունի 7 722 245 դիտում:

Սառայի բոլոր տեսանյութերի ընդհանուր դիտումների քանակը հասնում է 14 550 694-ի: Համաձայնվեք, որ դիտումների նման քանակին կնախանձեին հայկական շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներJ

Ինձ հետ զրույցում Սառան ասաց, որ իր հետևորդների մեծ մասը Հարավային Ամերիկայից են, սակայն նշեց, որ նամակներ և հաճոյախոսություններ ստանում է աշխարհի տարբեր երկրներում բնակվող մարդկանցից: “Երաժշտությունն ինձ համար արտահայտչամիջոց է: Այն դարձել է իմ ապրելակերպը, և ես իմ ժամանակի մեծ մասը նվիրում եմ դրան, իսկ համացանցը, պարզապես, հիանալի հնարավորություն ընձեռեց, որպեսզի ես կարողանամ կիսվել իմ տեսանյութերով աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մարդկանց հետ: Օրինակ, Դուք ապրում եք Հայաստանում, բայց “Youtube”-ի շնորհիվ նկատեցիք ինձ …" 

          Սառան նշում է, որ “Youtube”-ն իր առջև բազում հնարավորություններ է բացել, որոնցից ամենակարևորն իր համար այն էր, երբ 2011 թ-ին ամերիկացի հանրահայտ հաղորդավարուհի Էլլեն Դեջեներեսը նրան հրավիրեց իր հեղինակային` “The Ellen DeGeneres Show”-ին:  


“Youtube”-ից աչքի ընկնող մեկ այլ կատարող պորտուգալացի Տիագո Բրագան է, որը սոցիալական ցանցում ունի 15 944 հետևորդ: Տիագոն ներբեռնել է 101 տեսահոլովակ, որոնց դիտումների ընդհանուր քանակը հասնում է  2 625 072-ի:

Ինձ հաջողվեց կապ հաստատել նաև Տիագոյի հետ, որը նշեց, որ “Youtube”-ում գրանցվել է 2010 թ-ին, սակայն մինչ այդ էլ միշտ հետևել է սոցիալական ցանցում տեղ գտած հետաքրքիր տեսանյութերին: “Միշտ էլ մեծ սեր եմ ունեցել երաժշտության հանդեպ: 2009 թ-ից սկսած հասկացա, որ ցանկանում եմ ավելի լրջորեն զբաղվել իմ սիրած գործով: Հենց այդ ժամանակ էլ մտածեցի, որ կարող եմ երգել և տեսանյութերս ներբեռնել համացանցում և այդպես կարող եմ զբաղվել իմ սիրելի գործով` առանց որևէ հեղինակավոր ստուդիայի հետ պայմանագիր կնքելու”:

Տիագոն նկատել է, որ իր երկրպագուների մեծ մասը ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Ֆիլիպիններից են: Հենց այդ երկրներից է նա ստանում շատ մեկնաբանություններ: “Youtube”-ի արտիստը ասում է, որ երաժշտությունն իր համար շատ կարևոր է, և այն պարզապես հոբբի չի կարող կոչվել: Համացանցում տեսանյութեր տեղադրելով` Տիագոն ցանկանում է հասնել համաշխարհային ճանաչման: “Այո՛, ես հավատում եմ, որ մեր օրերում հնարավոր է նման ձևով հասնել ճանաչման: Որպես օրինակ կարող եմ նշել Ջասթին Բիբերին, Թայլեր Ուորդին, Քոլբի Քայլեթին և Ալեքս Գութին: Նրանք պայմանագրեր են կնքել աշխարհի ամենահայտնի ձայնագրման ստուդիաների հետ և ունեն երկրպագուների անհավանական մեծ քանակ”:

Տիագոն համոզված է, որ իր կյանքն այսօրվա նման հետաքրքիր չէր լինի, եթե “Youtube”-ում չներբեռներ իր տեսանյութերը. “ Ես պարզապես կշարունակեի մնալ այն ամաչկոտ տղան, ով երգում էր միայն իր սենյակում` խուսափելով կողմնակի մարդկանց ներկայությունից:

Վերջին շրջանում “Youtube”-ում տեսանյութեր ներբեռնելը սովորական է դարձել նաև հայերի համար: Համացանցի հայ օգտատերերի շրջանակներում մեկնաբանությունների լայն տարափ առաջացրեց 17-ամյա Անժելա Մկրտչյանը, ով “YouTube”  էր ներբեռնում իր մասնակցությամբ դիմահարդարման դասընթացներ: Անժելան ունի 1270 հետևորդ և 7 տեսանյութ : Նրա տեսանյութերի դիտումների ընդհանուր քանակը 238 745 է:

            Անժելայի յուրաքանչյուր տեսանյութ քննարկումների տեղիք էր տալիս, իսկ կարծիքները հիմնականում բացասական էին: Նման մեկնաբանություններից վիրավորվելով` աղջիկը դադարեց համացանցում ներբեռնել տեսանյութեր, սակայն հենց այդ տեսանյութերի շնորհիվ Անժելային նկատեց “ԵՍ” ամսագիրը, որտեղ էլ աղջիկը սկսեց վարել իր սեփական էջը:             
   

“Youtube”-ն իր սիրած գործով զբաղվելու համար օգտագործում է նաև Սլավոնական համալսարանի “կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի” բաժնի  ուսանողուհի, 19-ամյա Ալլա Իգիթյանը, ով սոցիալական ցանցում ունի 5 տեսանյութ և 1111 հետևորդ, իսկ նրա ընդհանուր դիտումների քանակը կազմում է  36 229:

“Երգն ու երաժշտությունն ինձ համար չափազանց կարևոր են, որպեսզի ես դրանք պարզապես հոբբի համարեմ: Մոտավորապես հենց առաջին հոլովակս  տեղադրելուց հետո սկսեցի հաճախել վոկալի սիրողական պարապմունքների, ինչը շարունակում եմ անել  նաև այժմ, քանի որ գիտեմ, որ աճելու դեռ շատ տեղ ունեմ”,-ասում է Ալլան, ով իր առաջին տեսանյութը տեղադրել է 2011 թ-ին: Դա Թայլոր Սվիֆթի “Superstar” երգի քավերն էր:

Ալլան նաև “Youtube”-ի այն հայ օգտատերերից է, ով համագործակցել է սոցիալական ցանցի մեկ այլ երկրի ներկայացուցչի հետ, որը նրա դեպքում պորտուգալացի Պեդրոն է, ով ևս իր տեսանյութերով կիսվում է ամբողջ աշխարհում համացանցից օգտվողների հետJ

“Պեդրոյի ալիքը պատահական տեսա “Youtube”-ում: Նկատեցի, որ դաշնամուր է նվագում ու  բեռնում է երգերի նվագակցություններ և մտածեցի, որ կարող ենք համագործակցել: Մեկնաբանություն թողեցի նրա տեսանյութերից մեկի տակ և նա պատասխանեց` նշելով, որ սիրով կհամագործակցի ինձ հետ: Հաջորդ օրն արդեն ուղարկեց մեր երգի նվագակցությունը: Տեսահոլովակի իմ հատվածը նկարահանել է եղբայրս, իսկ մոնտաժը կատարել է Պեդրոն”:

Ալլան նշեց, որ սիրով կհամագործակցեր ամերիկյան գրեթե բոլոր “Youtube”-ի արտիստների հետ, քանի որ իր կարծիքով նրանք ամեն ինչ ավելի պրոֆեսիոնալ ձևով են անում և աշխատում են հետաքրքիր ու տաղանդավոր մարդկանց հետ: Ըստ Ալլայի այդպիսի արտիստներ են Թայլեր Ուորդը, Քորի Գրեյը, Սառա Նիմիցը և այլք: Աղջիկը համոզված է, որ “Youtube”-ի շնորհիվ կարելի է հայտնի դառնալ: “Կարելի է հայտնի դառնալ “PSY”-ի և Ռեբեկա Բլեքի նման, այսինքն` մի փոքր ծիծաղելի իմաստով հայտնի, կարելի է Ջասթին Բիբերի նման հայտնի դառնալ, այսինքն` հաջողակ լինել և նկատվել հանրահայտ պրոդյուսերի կողմից”:

Իսկ առանց որևէ պրոդյուսերի կամ լեյբլի օգնության ճանաչման և հաջողության հասնելու համար Ալլան կարծում է, որ, պարզապես, պետք է բեռնել համեմատաբար որակյալ երգեր և տեսահոլովակներ, լինել համակրելի և հետաքրքիր, բացի սիրելի երգերի քավերները կատարելուց, պետք է երգել նաև շահեկան երգեր:

“Youtube”-ի մեկ այլ հայ օգտատեր, որն իմ ուշադրությունը գրավեց Achale անունով գրանցված Անահիտն է, որը համացանցում տեղադրում է իր ռեփ կատարումները: Անահիտն ունի 10 հոլովակ և ընդհանուր առմամբ 4100 դիտում: Achale-ը նշեց, որ ռեփով զբաղվում է արդեն 5 տարի և առաջին կատարումը, որը ձայնագրել և ներբեռնել է “Youtube”-ում, իր հեղինակային “Շարժվիր առաջ” երգն է եղել:

Achale-ն ասում է, որ իր տեսանյութերի տակ արված մեկնաբանություններն ունեն թե՛ դրական և թե՛ բացասական բնույթ: “Այս դեպքում մենթալիտետը, իհարկե, շատ է խանգարում, սակայն կան հարցեր, որոնց մասին կարող եմ խոսել միայն ռեփի, ոչ թե երգի միջոցով:”  Նա կարծում է, որ համացանցի շնորհիվ հայտնի դառնալ հնարավոր է. “Եթե աշխատանքդ լավ ես անում, լինի դա համացանց, թե հեռուստատեսություն, անպայման կսիրվես”:

          Անահիտը նշեց, որ իր համար ճանաչումից և լավ առաջարկներից  ավելի կարևոր է, երբ անծանոթ մարդիկ իրեն գրում են, որ իր երգերն իրենց օգնել են կյանքի որոշակի հատվածներում:

:   

“Youtube”-ի տեսադարանը, իհարկե, հարուստ է բազում օգտատերերի բեռնած հոլովակներով, որոնց բոլորին չեմ կարող անդրադառնալ մեկ հոդվածի մեջ: Նրանց օրինակը ցույց է տալիս, որ եթե ցանկանում ես աշխարհին ցույց տալ, թե ինչ տաղանդավոր կողմեր ունես և դրա շնորհիվ հասնես ճանաչման և հաջողության, եթե վստահ ես քո ուժերի վրա և համոզված ես, որ տեսանյութդ ոչ թե ծիծաղ, այլ հիացմունք կառաջացնի, ուրեմն համարձակորեն կարող ես օգտվել հայտնի և սիրված դառնալու այլընտրանքային միջոցից, որը կոչվում է “Youtube”J

Սյունե Առաքելյան


1 comment: