Wednesday, January 8, 2014

“Սարի աղջկա" և նրա հայկական ծագման մասին

2013 թ-ի նոյեմբերից սոցիալական ցանցերում մեծ տարածում գտավ “Սարի աղջիկը” հայկական երգ է” նախաձեռնությունը:

Անի Մարգարյանը

Բլոգեր Անի Մարգարյանն այս նախագիծը սկսել էր դեռևս 2012 թ-ից: Մեկ տարի անց նրան միացավ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, որը, շուտով, նախագծին միանալու  առաջարկ արեց նաև Երևանի պետական լեզվաբանական համալսարանի “Տեղեկատվություն և Հանրային Հաղորդակցման Տեխնոլոգիաներ” ԳՈՒ կենտրոնի” իր ուսանողներին: Վերջիններս երգը տարածելու և դրա հայկական ակունքներն ապացուցելու նպատակով կազմակերպիչների հետ միասին մի շարք PR միջոցառումներ իրականացրին` ֆլեշմոբեր, երգի ձայնագրություններ, հայկական գլխազարդերով ֆոտոշարքեր և այլն:  (լուսանկարները տեսեք նախագծի կայքում): 


Ուսանողուհիներից Հասմիկ Առաքելյանն ասում է. “Այս նախագծի հիմնական նպատակն է` երիտասարդության շրջանում տարածել երգը, վեր հանել դրա մոռացված արմատներն ու ապացուցել, որ դա հայկական երգ է”:

 “Ադրբեջանը երգը համարում է,բացարձակապես, իրենը, սոցցանցներում երգի մասին քարոզչական էջեր ունի, կան աշխատություններ երգի վերաբերյալ, ժամանակակից ադրբեջանցի աստղերի կողմից երգի կատարումներ: Այս հարցում մեր մեղավորությունն այն է, որ քիչ ենք երգել կամ առհասարակ չենք երգել երգը. դա առիթ է տվել հարևաններին այն բառիս բուն իմաստով գողանալու”,-ասում է Անի Մարգարյանը, որը ‘Facebook” սոցիալական ցանցում  ունի երգին նվիրված հայկական էջ, որի միջոցով տարածում է երգի և նախաձեռնության հետ կապված ցանկացած նորություն:

Անժելա Էլիբեգովան և "Տեղեկատվություն և Հանրային Հաղորդակցման Տեխնոլոգիաներ" ԳՈՒ կենտրոնի ուսանողուհիները
 Բացի հայերենից “Սարի աղջիկ” երգը երգում են նաև այլ լեզուներով`վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն և այլն, սակայն  Անին, հատկապես, ծիծաղելի է համարում այն փաստը, որ հենց ադրբեջանցիներն են երգն իրենցը համարում, քանի որ երգի պատմության հիմքում նրանք նույնիսկ չեն հիշատակվում: 

Երգը, ասում են, թուրք երիտասարդի կամ զորավարի սիրո պատմությունն է հայ աղջկա նկատմամբ, որին նա չի հասել: Այն երգել են 19-րդ դարում, որոշ մասնագետների կարծիքով էլ՝ 19-ից առաջ: Երգն ունի հայկական մի քանի տարբերակներ. “դլե յաման”-ը մի տարբերակում արտասանվում էդլի”, մյուսում՝տլիյաման, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ երգի տարածման արեալը բավականին մեծ էր՝ սկսած Արևմտյան Հայաստանից մինչև Արևելյան Հայաստան ու հայկական գաղթօջախներ՝ երգվելով տեղի հայկական բարբառներին համապատասխան:
Անդրեն` համալսարանում կայացած ասուլիսին

 2013-ից սկսած նախաձեռնության կազմակերպիչներն ու նախագծին միացած ուսանողուհիները սկսեցին մասնագետներից նյութեր հավաքել և  տեսագրություններ կատարել երգի վերաբերյալ.Խոսեցինք ամենատարբեր մասնագետների հետ, կուտակվեց մեծ քանակությամբ նյութ, ինչը թույլ տվեց եռալեզու կայք բացել: Ներկա դրությամբ մեր թիմը շուրջ 15 հոգի է, բոլորս կամավորներ ենք,-ասում է Անի Մարգարյանը:

“Սարի աղջիկ” երգը, որն այլ կերպ կոչվում է “Վարդ Սիրեցի”, Հայաստանում հայտնի է Ֆլորա Մարտիրոսյանի և Ռուբեն Մաթևոսյանի կատարումներով: Երգին նոր շունչ հաղորդելու նպատակով նախագծի կազմակերպիչները դիմում են երգիչ Անդրեին, որը ոչ միայն երգում է երգն, այլև դրա հիման վրա նկարահանում է տեսահոլովակ:  
 "Ես իմ շատ լավ ընկեր Նիկ Էգիբյանին ուղարկեցի երգի ակապելլա տարբերակը, և նա շատ գեղեցիկ նվագեց այդ ստեղծագործությունը: Այնուհտև մենք որոշեցինք, որՍարի աղջիկըպետք է ունենա նաև տեսահոլովակ: Նիկն` առանց վայրկյան անգամ մտածելու, միացավ նախագծին և նկարահանեց տեսահոլովակը”,- ասում է Անդրեն, ով մտադրություն ունի թողարկել “Սարի աղջիկ” անվանումով ձայնասկավառակ. Այնտեղ տեղ են գտնելու երգեր, որոնք ժամանակի ընթացքում մեզանից տարել են և, ցավոք սրտի, ոլորտի շատ մասնագետներ չեն ուզում պայքարել դրա դեմ, չեն ուզում բարձրաձայնել, որ դրանք մեր երգերն են: Չգիտեմ` ինչումն է մտավախությունը, բայց ամեն դեպքում, այդ ձայնասկավառակի օգնությամբ ես կփորձեմ վերադարձնել մեր երգերը` ներկայացնելով դրանք այսօրվա շնչով”:
Անի Մարգարյանը, Անդրեն ու Անժելա Էլիբեգովան
Ի դեպ, երգիչը Վ. Բրյուսովի անվան համալսարանում հանդիպում է ունեցել ուսանողուհիների հետ, որի ընթացքում նրանց հետ միասին կատարել է “Սարի աղջիկ” երգը: Անի Մարգարյանն ասում է, որ բացի Անդրեից երգը կկատարեն նաև այլ հայ երգիչ-երգչուհիներ, որոնց անունները, սակայն, բլոգերը չցանկացավ նախապես բարձրաձայնել, փոխարենն ավելացրեց` “Մենք չենք սահմանափակվելու միայն Սարի աղջիկ երգով, անդրադառնալու ենք այն բոլոր արժեքներին, որոնց նկատմամբ մեր հարևանները հավակնություններ ունեն, և որոնք իրականում հայկական են: Օրինակ՝ տարազ, գամփռ, հայկական խոհանոցի ուտեստներ, մի շարք այլ երգեր, որոնք երգվում են Թուրքիայում ու Ադրբեջանում՝ որպես իրենցը: Մենք իրականում դեմ չենք, որ մեր երգն այլոց կողմից երգվի, սակայն ոչ երբևէ այն դիտանկյունից, թե իբր այն թուրքական է կամ ադրբեջանական:




Լուսանկարները` "Մեդիատորիայի" և Անի Մարգարյանի "ֆեյսբուքյան" էջից
Տեսանյութը` "Bravo.am"-ի

Սյունե Առաքելյան


No comments:

Post a Comment