Monday, December 17, 2018

Արեւին պետք է հրավիրել բեդուինական թեյախմության


Մարդիկ երջանկություն են փնտրում, ինչը հաճախ պտտվում է հասարակ իրերի շուրջ եւ մեզ շատ մոտ է գտնվում: Ապրել բնության ներդաշնակությամբ, մի՞թե դա չէ երջանկությունը: Դիմավորել մայրամուտն ու լուսաբացը, մի՞թե դա չէ երջանկությունը`արեւի դուրս գալն ու մայր մտնելը, դա շատ գեղեցիկ է, ավելի ճիշտ` աննկարագրելի գրավիչ է դրանց ազդեցությունը, որը կարող ես զգալ ամեն օր: Կարեւորը ցանկությունն է եւ մի մեծ ճամպրուկ ունենալը, որը կհավաքես եւ առաջին իսկ թռիչքով, 2 ժամ 40 րոպեում կհասնես Եգիպտոսի հեքիաթային քաղաքներից մեկը` Շարմ էլ Շեյխ:
Քեզ իրենց հաճելի ռուսերենով կգան ողջունելու` թուխ մաշկով, բարձրահասակ եւ ուժեղ սրամտությամբ երիտասարդներ, ովքեր քեզ ապահով հյուրանոց կհասցնեն:


Ասեցի հյուրանո՞ց, չմոռանամ ասել, որ հյուրանոցների հարցում պետք է լավ մտածել: Սա այն քաղաքն է, որտեղ նույն անվամբ կարող ես մի քանի հյուրանոց գտնել եւ հինգ աստղը չհամընկնի Ձեր պատկերացումների հետ: Հյուրանոց ընտրելիս առաջարկում եմ պարտադիր օգտվել արհեստավարժ մասնագետներից: Այս պարագայում խորհուրդ կտամ Ձեզ օգտվել «ԱՆՌԻՎԱ» տուրի ծառայություններից, որը Air Cairo-յի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:
Մինչ դուք որոշում էիք Ձեր քվեն, որ թեկնածուին տալ, շատ լրագրողներ գիշեր-ցերեկ լուսաբանում էին ընտրական քարոզարշավը, մենք լրագրողական տուրի շրջանակներում 30 լրագրողներով, բլոգերներով եւ ռադիոհաղորդավարներով մեր ճանաչողական հանգիստն էինք վայելում Շարմում: Այն հեքիաթային յոթ օրերը, որ մեզ էր նվիրել «ԱՆՌԻՎԱ»-ն, ուղղակի աննկարագրելի են:


Եթե դուք պասիվ հանգստի սիրահար եք.
Եթե ձմռան, ցրտի, ձյան եւ վառարանի մոտ թիկնոցով կծկվելու սիրահար չեք, ապա շուտափույթ ձեզ պետք է հասնել օֆիրայական (Շարմ էլ Շեյխ-ի նախկին անվանումը) հանգստի, որտեղ Ձեզ լայն ժպիտով կողջունի 29˚ արեւն ու 27-28˚ տաքությամբ Կարմիրը: Եթե հյուրանոցի ընտրությունը ճիշտ է կատարված, ապա անհոգ եղե՛ք, այստեղ կգտնեք սպա ծառայություններ, մեծ լողավազաններ, համեղ եւ առողջարար սնունդ, շուկա, մարզասրահ եւ գիշերային ժամանցի վայրեր:


Էքստրիմի սիրահարները երբե՛ք չեն ձանձրանա Շարմում:
Աննկարագրելի էմոցիաներ, ակտիվ հանգիստ եւ խելահեղ վարկյաններ եք ուզու՞մ, ուրեմն անպայման պետք է գնալ Սինայի անապատ: Կվադրոցիկլներով սաֆարի տուրը Ձեզ կտանի Սինայի անապատում ապրող բեդուինների մոտ, ովքեր մի բաժակ կախարդական կարկադեյի թեյով կփորձեն Ձեզ վաճառել պեպսի կամ ջուր: Որքան էլ խելահեղությունների սիրահար լինեք, չմոռանաք Ձեզ հետ ակնոց եւ գլխաշոր վերցնել, այլապես վերջում կնմանվեք սպիտակ այլմոլորակայինի:

Բեդուիներին անդրադառնալով՝ չեմ կարող չխոսել ամուսնություններից, որոնք հետաքրքրիր ծիսակարգ ունեն: Ռոման`մեր ուղեկցորդը, պատմում էր, որ այստեղ կնոջը տեսնում են միայն ամուսնության օրը: Ընտանիքի անդամներն են ընտրում կին եւ ամուսին: Աղջկան ուղտերի հետ փոխանակելու ավանդույթը գործում է դեռ բեդուինների մոտ: Տղամարդիկ վեց ամիս աշխատում են, ոսկի հավաքում եւ հետո նոր ամուսնանում: Ասում են՝ որքան գեղեցիկ է կինը, այդքան շատ ոսկի եւ ուղտ պետք է տալ: Հարսանիքը բեդուինների մոտ երեք օր է տեւում, ինչպես նախկինում հին հայկական հարսանիքներն էին: Հիմա էլ հայկական որոշ գյուղերում պահպանում են այդ ավանդույթը: Եգիպտացի կանանց հնարավոր չէ տեսնել աշխատելիս, այստեղ աշխատում են ուկրաինացի, ռուս եւ նույնիսկ հայ կանայք: Ծովինարը` ամենահայտնի պորտապարուհին, ազգությամբ հայ է, նրա մասին խոսում են ամբողջ էմիրությունում: Ամենաթանկ վարձատրվող եւ ճանաչված պորտապարուհին է: Կանայք էլ «1000 ու մի գիշեր»-ում կարող են հետեւել կիսաշրջազգեստով տղամարդկանց «Տանուրա» հին արաբական պարային ելույթներին եւ զարմանալ նրանց էլաստիկությամբ: Գնալ արեւելք եւ չզբոսնել ուղտով, կարծում եմ՝ մեծ մեղք գործած կլինեք: Եւ այն առասպելները, որոնք շրջանառվում են, որ Եգիպտոսում վտանգավոր է եւ քեզ կարող են ուղտով գողանալ, ուղղակի սարսափի ժանրից են: Շարմում անվտանգության հսկայական համակարգ է աշխատում ե՛ւ հյուրանոցների մոտ ե՛ւ ճանապարհներին:


Մի շտապե՛ք, դուք դեռ շատ անելիքներ ունեք այստեղ:
Կռուիզով նավարկությու՞ն, ծովային արեւայրու՞ք, վստահ եմ՝ սա Ձեզ չի հետաքրքրի, բայց այստեղ կա դայվինգը, որը հնարավորություն կտա Ձեզ իջնել Կարմիր ծովի հատակը եւ բացահայտել ծովային այլ աշխարհ եւ կրկնապատկել էքստրիմը: Թե ինձ նման գի՞ժ եք, նաեւ կպարեք ծովի հատակում ձկների, կորալների հետ`մտքում պատկերացնելով Սթիվ Մորգանի`Մեջիք թրեվլը եւ ջրահարս զգալով, ազատ կլողաք թափանցիկ ափերում: Առավոտյան լուսաբացին կարող եք չձանձրանալ եւ օգտվել օդապարիկով թռնելու հնարավորությունից եւ վերեւից հիանալու մոգական ծովի գեղեցկությամբ: Իսկ երեկոյան կախարդական հրաշքների գիրկը նետվելու համար, երբեք բաց չթողնեք Նաամա բեյն ու այնտեղ գտնվող էնիգմայական պարային ակումբները (Pacha, Buddha bar):
Մշակույթի, ճարտարապետության եւ շոփինգի սիրահարներն այստեղ անզբաղ չեն մնա:
Սոհոյի գեղեցիկ փողոցները Ձեզ կտանեն կալյանի, յուղերի անուշաբույր հոտերի մոտ: Վաճառողների` յուղերի մասին պատմող առասպելներին, պետք է հավատալ այն ժամանակ, երբ նրանք կպատմեն կոկոսի եւ ժորժոպայի յուղերի մասին`դրանք աննկարագրելի հոտ եւ օգտակարություն ունեն: Արդեն շատ լավ ճանաչելով եգիպտացիներին, խորհուրդ ենք տալիս Ձեր բոլոր գնումները կատարել «Հին շուկա»-յից: Բացի այն, որ դուք այստեղ կկարողանաք մատչելի գնումներ կատարել, այլեւ կկարողանաք նվերներով, հյուրասիրություններ վայելելով զբոսնել: Սա այն վայրն է, որտեղ մեկ սալամը, ապրանքը ամենաքիչը հինգ դոլար սակարկելի կդարձնի եւ դուք ինքնագոհ գնումներ կկատարեք: Արեւելյան գեղեցկությունը կրկնապատկվում է, երբ այցելում եք Ալ-Սահաբա, Մուստաֆա մզկիթներ եւ Ղպտի ուղղափառ եկեղեցի: Այստեղ կարեւոր չէ իմանալ, թե ով ինչ կրոնի է դավանում: Միայն շատ քրիստոնյաներ իրենց դաստակներին խաչեր են դաջում եւ դրանից պարզ է դառնում, որ նրանք քրիստոնյաներ են: Ալ-Սահաբա գնալիս պատրաստ եղեք կրել համապատասխան հագուստ եւ եկեղեցի մտնել ոտաբոբիկ:

Իսկ գեղեցիկ լուսանկարներ ունենալու, փոքր Սանտորինին, գունազարդ գորգեր տեսնելու, անուշաբույր կալյան եւ ավազե սուրճ վայելելու համար անպայման այցելեք Ֆարշա:

Շարմը ուղղակի քաղաք չէ. հետաքրքիր արտաքին ունեցող, արքայական մոգության, կիզիչ արեւի, պսպղուն ու թափանցիկ ափերի, գույն եւ ջերմություն հաղորդող, հոգու ու մարմնի ներդաշնակության միջավայր է: Եվ պատահական չէ, որ հին եգիպտացիները մարդու մահից հետո միակ օրգանը, որ թողնում էին մարմնի մեջ, դա`սիրտն էր, քանի որ համարում էին, որ այնտեղ է գտնվում մարդու հոգին:
Ականատեսի աչքերով` Նաիրա Գրիգորյան
Լուսանկարները՝ հեղինակի եւ Կարեն Սերոբյանի
«Ասպարեզ» շաբաթաթերթ

No comments:

Post a Comment