Wednesday, December 19, 2018

‹‹Այնտեղ, որտեղ արեւը մայր է մտնում մայրամուտից հետո››


Խոսի՛ր ինձ հետ, արեւի, Սահարայի երկիր: Կարմիրիդ ափերը թող, որ փաթաթվեն ոտքերիս եւ ինձ քո գիրկը տանեն, ձեռք մեկնի՛ր ինձ եւ մի՛ թող խորտակվեմ քո գունազարդ ծովում: Չթողնե՛ս ձանձրույթից խեղդվեմ եւ այդ ունայնության մեջ մոլորվեմ հանկարծ: Կիսանապատ քաղաքիդ մեջ, թույլ տու՛ր թագուհի զգամ  եւ որպես ամենամեծ ստեղծագործող,  ակնթարթներն ու ապրումները հավուր պատշաճի ներկայացնեմ…




            Երբ երազանքներդ մի թռիչքից վերածվում են իրականության եւ դու հայտնվում ես արեւելյան սաֆարիներում` եգիպտական աստվածների մոտ, հիանում կլեոպատրիական գեղեցկությամբ, վազում կարմրագույն ալիքների վրայով եւ միաժամանակ իջնում աննկարագրելի ծովի հատակը:
            Եգիպտական հին քաղաք` ‹‹Եգիպտոսի արքայազնը›› աստվածաշնչյան հեքիաթի հիման վրա, չափազանց երկարավարս Կլեոպատրա, մումիաների եռանկյունի, ինչպես նաեւ ֆութուրայական մեկ դրվագ`հնագույն այլմոլորակայինների տեսքով: Մենք գիտենք եգիպտական այս բոլոր պատմությունները, որոնք մարդկության պատմության մեջ հազարավոր տարիներ եւ մի քանի մշակութային ուղիներ են տարածել: Բայց դրա հետ մեկտեղ, մենք հնարավորություն ունեցանք տեսնել ավելին ‹‹ԱՆՌԻՎԱ›› տուրի եւ Air Cairo-ի հետ միասին:
            Բացեց թեւերը. անցավ մայրցամաքից մայրցամաք եւ կամաց սլացավ ներքեւ, մենք հայտնվեցինք սոհոյական ավազներում:
            Երեւակայելի երազանքներ, կատարելության հասնող ափեր, աջ ու ձախ սփրվող նպատակներ, որոնք ուզում ես կարմիրի հետ ծփան եւ դուրս գան ափ: Կյանքի ամենաներդաշնակ մայրամուտն ու արեւելյան երաժշտությունը կանացի երկար վարսերի նման, քամու տակ այնպե~ս գեղեցիկ էին պարում, ինչպես արեւելյան գեղեցկուհու մարմինն է սկսում գալարվելով հալվել:

                                
            Պլատոնական սիրո յոթ օրեր, որոնք համառությամբ ինձ ստիպում են կրկին հետ վերադառնալ` վայելել  թանկարժեք սերը, եգիպտական պսպղուն արեւը, սահարայի ուժգին քամին, էքստրիմը, 30 աստիճան ջերմությունն ու Ֆարշայի գույնզգույն խալիների վրա բոհեմական թեյ ըմպել` ընկղմվելով անուշաբույր ու թմրեցնող կալյանի ծխի մեջ:
            Եգիպտական փարավոնների, բուրգերի , սփինքսների ու պապիրուսների հողերն էլ  ներկայացնելու կարիք չկա, դրանց մասին բոլորը  գիտեն, իսկ անհավանական պատմությունների եւ անկանխատեսելի իրադարձությունների ու փոքր երազանքների մասին երբեք պետք չէ լռել, քանի որ դու գտնվում ես արքայական երկրում, որտեղ ցանկացածը պատրաստ է կատարել քո նվիրական երազանքը: Փոթորկոտ  շուկաները, դանդաղ հոսող Նիլը, հսկայական անապատն ու ոգեշնչող հնագիտական վայրերը, տեղ են գտել  մեծ եւ պատմական նշանակության պալատների կողքին:
Սա այն երկիրն է, որտեղ ծովն ամենամեծ ստեղծագործողն է, մնում է իրեն հավատարիմ մնալ եւ եթե կարողացար ընկղմվել ծովի չընթերցված էջերում ապա գաղտնի դռների հաջորդականության մեջ կմոլորվես եւ քեզ այլեւս ոչինչ չի մնա, քան պարել եւ հրճվել քո բացահայտումների հետ:
                                      
Թերթում եմ ալիքները, անցնում  յոթ օրերի էջերով  ու պոեմներ են բացվում`  ամեն լուսանկար իր պատմությունով  եւ գեղեցիկ գիշերային ավարտով: Եւ հիմա մտածում եմ,  ժամանակին ուղտի սանձերը ձեռքս առնելով, կյանքին համընթաց ծանոթ-անծանոթ ճամփեքով, սլացել եմ ու տեսել անվերջնալի սահարաներ, մայրամուտներ եւ արքայական տեսարաններ: Ո՜չ ճամփա, ո՜չ ճամփեքին հետ մնացած մարդիկ, ոչ անապատներ  այլեւս չկան: Արդյոք երբեւէ եղե՞լ  են նրանք, թե՞ ինչ որ երազ էր: Սակայն իրականությունն այն է, որ օրեր են անցել, իսկ օրերը հենց անցնելու եւ չվերադառնալու համար են: Միայն թե ապրածդ պետք է ամեն օր նորովի վերապրել , որովհետեւ ժամանակն ավազի պես սորում է բռանդ միջից: Սոհոյական այդ յոթ օրերը կարծես հաշվարկից դուրս են մնացել: Արևածագից ուշ գիշեր ընթանում էր պատերազմն ընդդեմ ժամանակի եւ օրվա ընթացիկության: 
 Սա Եգիպտոսն է`իր հավերժական մուսայով եւ միակ երկիրը, որտեղ ժամանակն իսկապես կանգ է առնում:

                                                                                                 Նաիրա Գրիգորյան
                                                               Լուսանկարները` Կարեն Սերոբյանի

No comments:

Post a Comment