Երեւանի քաղաքապետարանը սկսեց նկարազարդել դալանները, որպեսզի ստեղծագործելու համար տարածք չթողնի Հայաստանում սթրիթ արթով զբաղվող ընդդիմադիր արվեստագետներին: Նման կարծիք ունի «Արթ-լաբորատորիա» մշակութային կազմակերպության հիմնադիրներից Էդգար Ամրոյանը: Նա եւ իր 9 գործընկերները 6 տարի առաջ ստեղծեցին արվեստագետների այս խումբը, որպեսզի քաղաքականացնեն արվեստը: Ըստ արվեստագետի`քաղաքականությունից դուրս արվեստ առհասարակ չկա:
«Ինքնասպան զինվորը». «Արթ-լաբորատորիա». |
Արվեստը քաղաքականացնել փորձում է նաեւ «Հակահարված» արթ
խումբը: Խմբի անդամ Հերբերտ Գեւորգյանը կարծում է, որ արվեստի ներկայացուցիչը չի կարող
չխոսել հասարակական եւ քաղաքական խնդիրների մասին, իսկ ծառ ու ծաղիկ նկարելն ամենեւին
էլ արվեստ, առավել եւս` սթրիթ արթ չէ: ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դեմ հարուցված
քրեական գործից հետո երիտասարդները որոշեցին խաղաղ ճանապարհով` սթրիթ արթի միջոցով,
հակահարված հասցնել իշխանությանը եւ նպաստել նրա տապալմանը:
Թե´ «Արթ-լաբորատորիան» եւ թե´«Հակահարվածը» պնդում են, թե
որեւէ կուսակցության շահերին չեն ծառայում, իսկ քաղաքական կուսակցությունների մասին
խոսելիս առանձնացնում են Հայ ազգային կոնգրեսին: «Արթ-լաբը» պաշտպանում է Լեւոն Տեր-Պետրոսյանին`
որպես քաղաքական գործչի, սակայն արվեստագետները չեն պատրաստվում կուսակցական դառնալ:
![]() |
Լուսանկարը` «Արթ-լաբ»-ի պաշտոնական կայքէջից |
«Մենք չենք մասնակցել ո´չ 100 դրամի, ո´չ Թեղուտի, ո´չ էլ
Փակ շուկայի ակցիաներին: Մենք միանում ենք իշխանափոխության պահանջներին, այլ ոչ թե
տեղական խնդիրներին վերաբերող ակցիաներին»,-հայտնեց Ամրոյանը:
Հերբերտ Գեւորգյանը հաստատեց, որ որոշ հարցերում համագործակցել
են ՀԱԿ-ի հետ, սակայն խումբը քաղաքացիական նախաձեռնություն է: Իր մեկ այլ խոսքում
«Հակահարվածի» անդամը, սակայն, նշեց, որ երբ մասնատվեց ՀԱԿ-ը, մասնատվեց նաեւ իրենց
խումբը: Խմբի արդեն նախկին մի քանի անդամների համար ընդդիմադիր դաշինքի գաղափարներն
էլ ավելի էին հարազատ խմբի միասնական դիրքորոշումից: Սթրիթ արթը, ըստ Գեւորգյանի, «կիսախուլիգանական
ինչ-որ բան» է, որը որեւէ կուսակցության մեր ներքաշելու անհրաժեշտություն չկա:
««Հակահարված 1-ինի» գլխավոր նպատակն է եղել հասնել Տիգրան
Առաքելյանի արդարացմանը: Հիմա, երբ ազատ է արձակվել, մենք կշարունակենք պայքարել նրա
արդարացման համար, բայց «Հակահարված 2-րդը» ներկայումս իր առջեւ խնդիր է դրել քաղաքացիական
անհնազանդություն քարոզել: Այս իշխանության դեմ պայքարելու միակ տարբերակը ծայրահեղ
անհնազանդ լինելն է»,-հայտարարեց ակտիվիստը:
![]() |
Լուսանկարը` Հերբերտ Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից |
«Արթ-լաբին» թերեւս չի գոհացնում հատկապես երիտասարդության դիրքորոշումն ու հայացքները: Ամրոյանն ասաց, թե համալսարաններում կազմակերպած իրենց ակցիաներին երիտասարդների ռեակցիան ավելի վատն է եղել, քան իշխանություններինը: Իսկ «Ցեղակրոն» կուսակցությունը, արվեստագետի համաձայն, ավելի առաջադեմ է մտածում, քան երիտասարդությունը:
«Փողոցային արվեստով» զբաղվող «Էյվա» արվեստների հիմնադրամի
«Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի ղեկավար Լիա Մխիթարյանը նույն հարթության վրա
է դնում ոչ թե քաղաքականությունն ու արվեստը, այլ` լրատվությունն ու արվեստը: 1.5 տարի
առաջ «Էյվան» կազմակերպություն, ապա հիմնադրամ դարձավ «Լրատվության այլընտրանքային
ռեսուրսներ» ծրագրի շրջանակում տրամադրված դրամաշնորհի շնորհիվ:
«Որպես լրատվության այլընտրանքային ռեսուրս` մենք վերցրեցինք
արվեստը` նպաստելու այս կամ այն հանրային կարեւորություն ունեցող խնդիրների վերաբերյալ
իրազեկություն բարձրացմանը: Մեր գերնպատակն է` չբողոքենք, չանդրադառնանք այն թեմաներին,
որոնց առանց այն էլ լրատվամիջոցներում եւ հանրությունում ամեն օր բարձրաձայնում են:
Հաճախ բողոքն այնքան շատ է, որ լավն ու բարին կորում են»,-կարծում է Մխիթարյանը:
![]() |
Լուսանկարը` «Էյվա»-ի պաշտոնական կայքէջից |
Քաղաքական արվեստի փոխարեն ծրագրի ղեկավարը նախընտրել է սոցիալականը:
Նրա խոսքով`արվեստը չափազանց ուժեղ միջոց է քաղաքական եւ, առհասարակ, յուրաքանչյուր
խնդիր վերծանելու համար. այն հենց զգայարաններին է դիպչում:
«Մեր հասարակությունը շատ քաղաքականացված է: Այնքան թեմաներ
կան, որոնք արժանի են լուսաբանման. բայց չեն լուսաբանվում այդքան քաղաքականացված լինելու
պատճառով»,-հայտարարեց նա:
Սոցիալական արվեստով զբաղվող, լավի ու բարու մասին պատմող
«Էյվան», ի տարբերություն «Արթ-լաբի» ու «Հակահարվածի», ոստիկանության հետ խնդիրներ
չի ունենում: Կողմնակի միջամտության արդյունքում չեն անհետանում նաեւ ժամեր առաջ նկարված
գրաֆիտիները:
Անահիտ Իվանյան
No comments:
Post a Comment